Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինչո՞ւ G7-ը չպիտի սահմանափակվի ճգնաժամային դիվանագիտությամբ

Ինչո՞ւ G7-ը չպիտի սահմանափակվի ճգնաժամային դիվանագիտությամբ
04.06.2015 | 01:30

Յոթ տնտեսապես զարգացած առաջատար պետությունների ղեկավարները հունիսի 7-8-ը հավաքվելու են Գերմանիայում, որպեսզի քննարկեն ամենաանհետաձգելի համաշխարհային խնդիրները: «Յոթի խմբի» երկրներին միավորում են ոչ միայն տնտեսական հզորությունն ու բարեկեցությունը, այլև ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Ով կասկածում է այս բարձրամակարդակ հանդիպումների նպատակայնությանը, թող նայի աշխարհի թեժ կետերին, որպեսզի գիտակցի համատեղ որոշումների որոնումով համագործակցության անհրաժեշտությունն ու նույնիսկ պարտադիր լինելը:

Սառը պատերազմի ավարտից 25 տարի անց ո՞վ կհավատար, որ եվրոպական խաղաղությունն ու կյանքը կասկածի տակ կդրվեն Ղրիմի անեքսիայի պատճառով: Կամ՝ էբոլայի վարակի տարածումը կարող է ապակայունացնել աֆրիկյան երկրներն ու կասեցնել նրանց զարգացումը: Կամ՝ իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը կփորձի ստեղծել այսպես կոչված «խալիֆաթ» մերձավորարևելյան երկու պետությունների տարածքում: Այս օրինակները (այս բոլոր հարցերը ներառված են մեր հանդիպման օրակարգում) ակնհայտ են դարձնում, որ գլոբալ մարտահրավերները պահանջում են միջազգային պատասխան:
Այնուհանդերձ G7 սամմիթը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի ճգնաժամային դիվանագիտությամբ: Այս ֆորումի ստեղծման պահից մենք հնարավորություն ենք ունեցել գլոբալ մասշտաբով քննարկել տնտեսության վիճակը: Մեր նպատակն է կայուն, առավելագույնս մեծ թվով մարդկանց համար արժեքների հիման վրա կողմնորոշված աճը և բարեկեցությունը: Դրան հնարավոր է հասնել միայն բաց տնտեսական համակարգերում մեծ ներդրումների միջոցով և միջազգային առևտրի ամրապնդմամբ սոցիալական ու բնապահպանական բարձր չափորոշիչների հիման վրա: Այդ պատճառով «Յոթի խումբը» աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության ջանքերին՝ հնարավորինս արագ անցկացնել բանակցությունները Դոխայում: Բայց մեզ նույնքան պետք է արագ առաջընթաց «յոթնյակի» գործընկերների հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցություններում:
Օրակարգը, որ սահմանել է G7-ում նախագահող Գերմանիան, կենտրոնացած է երկու կարևոր խնդիրների վրա, որ միջազգային հանրությունը պետք է լուծի 2015-ին: Առաջինը պիտի լուծվի աշնանը, երբ ՄԱԿ-ը կառաջադրի կայուն զարգացման նոր նպատակները: Աշնանն ընդունվելիք որոշումները կսահմանեն միջազգային քաղաքականության զարգացման ուղղությունները երկար տարիներ: Ես վստահ եմ, որ «Յոթի խումբը» պետք է ստանձնի 2030-ին վերացնել սովն ու աղքատությունը: Միայն այն դեպքում, երբ մենք կարողանանք պարենով ապահովել աշխարհի աճող բնակչությանը, հաջողության շանս կստանանք զարգացման մյուս հարցերում: Համաշխարհային մասշտաբի երկրորդ կարևոր խնդիրը կլիմայի պաշտպանությունն է: Առաջին անգամ, երկար տարիներ անց, հույս կա, որ Փարիզի դեկտեմբերյան կոնֆերանսում կընդունվի կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը, որով աշխարհի բոլոր երկրները, այդ թվում` զարգացող տնտեսությամբ, արտանետումների կրճատման պարտավորություն կստանձնեն: Դա մեզ թույլ կտա երկու աստիճանով սահմանափակել աշխարհում ջերմաստիճանի բարձրացումը, որը բոլոր փորձագետների գնահատականով, միակ միջոցն է կլիման պահել ընդունելի չափորոշիչների մեջ:
«Յոթի խումբը» պետք է ցածրածխածնային տնտեսության միանգամայն անհրաժեշտ անցման օրինակ տա: Լինելով արդյունաբերապես զարգացած երկրներ, մենք պետք է կատարենք 2009-ին Կոպենհագենում ընդունած պարտավորությունները՝ 2020-ից ամեն տարի 100 միլիարդ դոլար հատկացնել կլիմայի պաշտպանությանը: Գերմանիան 2014- 2020 թթ. կկրկնապատկի այդ նպատակներին հատկացվող միջոցները: Ես հույս ունեմ, որ մյուս երկրներն էլ Փարիզի հանդիպման նախօրեին որոշակի պարտավորություններ կստանձնեն:
G7-ը բազմիցս աշխարհի մարդկանց առողջության պահպանման պարտավորություններ է ստանձնել: Այդ պատճառով Էլմաուի հանդիպման ժամանակ կքննարկվեն հասարակածային հիվանդությունների հետ պայքարի միջոցները, որ անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում, և անտիբիոտիկների նկատմամբ մեծացող կայունությունը: Էբոլայի համաճարակը աֆրիկյան մի քանի երկրներում դեռ հաղթահարված չէ: Էլմաուում մենք միջազգային կազմակերպությունների և համաճարակից տուժած երկրների ներկայացուցիչների հետ կքննարկենք՝ ինչպես բարձրացնել պատրաստվածության աստիճանը նման համաճարակների դեմ, ինչպես կարող ենք կանխել, կամ, ծայրահեղ դեպքում, ավելի արագ և արդյունավետ արձագանքել վարակին: Կասկած չկա, որ համաշխարհային աշխատանքային խմբի ստեղծումը՝ խելամիտ հայեցակարգով և բավարար ֆինանսավորումով՝ միջնաժամկետ հեռանկարի խնդիր է, սակայն այդ հարցը պետք է արդեն հիմա քննարկենք:
«Յոթի խմբում» Գերմանիայի նախագահության շրջանում ևս մեկ կարևոր ուղղություն է ամբողջ աշխարհում բարի գործեր անելը: Մենք չենք մոռացել երկու տարի առաջ Բանգլադեշի «Ռանա Պլազա» տեքստիլ ֆաբրիկայի փլուզման ողբերգական կադրերը: Ես ուզում եմ, որ G7-ն իր առաջ խնդիր դնի էականորեն կրճատել արտադրական դժբախտ պատահարների դեպքերը, միջոցներ ձեռնարկի՝ կրճատելու նման վթարները և ապահովի աշխատատեղերում անվտանգության ու առողջապահության առավել բարձր մակարդակ: Մատակարարման շղթան պետք է առավել թափանցիկ դառնա: Մարդիկ ուզում են ավելի շատ տեղեկացված լինել պայմանների մասին, որոնցում արտադրվում են իրենց հագուստներն ու սնունդը, որպեսզի ապրանք առնելիս կարողանան ընտրել: Աշխատանքի մասին խոսելիս՝ մենք պետք է քննարկենք ամբողջ աշխարհի կանանց ինքնուրույնության հնարավորությունների հարցը, ապահովենք նրանց կարիերայի առաջընթացը անվտանգ և որակյալ աշխատանքի միջոցով: Վիճակագրությունը վկայում է աղքատության և անհավասարության կրճատում, երբ առավել մեծ թվով կանայք են մասնակցում տնտեսական կյանքում: Բայց հիմա եկամտաբեր գործունեությամբ զբաղվում է բոլոր կանանց 50 %-ը միայն: Որ ավելի վատ է՝ զարգացող շատ երկրներում աշխատող կանանց վիթխարի մեծամասնությունն աշխատում է շատ կասկածելի և ոչպաշտոնական աշխատանքային պայմանագրերով: Այդ պատճառով G7-ն ուզում է զարգացող երկրների մեծ թվով կանանց ու աղջիկների մասնագիտական ուսուցման շանս տալ:
Հիշատակածս բոլոր թեմաների ու հարցերի մասին հնարավոր է միայն ասել՝ «Յոթի խումբը» չի կարող այդ խնդիրները միայնակ լուծել: Մեզ մեծ թվով գործընկերներ են պետք: Այնուհանդերձ, ես համոզված եմ, որ G7-ը հեռանկարում կարող է և պետք է դառնա շարժիչ ուժ աշխարհում, որտեղ արժի ապրել: Ես լի եմ վճռականությամբ վերափոխել գլոբալ տնտեսությունը և գլոբալ ինտեգրումն այնպես, որ բարելավեն մարդկանց կենսապայմանները ամբողջ աշխարհում՝ քաղաքականապես, տնտեսապես, սոցիալապես: Մենք պիտի ամուր կանգնենք խաղաղության, ազատության, անվտանգության ճանապարհին: Դա է այն օգուտը, որ կարելի է սպասել «Յոթի խմբի» սամմիթներից, այդ չափորոշիչով մենք պետք է ծրագրենք մեր գործողությունները:


Անգելա ՄԵՐԿԵԼ
Գերմանիայի կանցլեր, որ այս տարի նախագահում է «Յոթի խմբում»
«The Globe And Mail»

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ո՞վ կմտածեր, որ այսպիսին է Անգելա Մերկելը՝ մեր օրերի Երկաթյա լեդին, ում մի քանի տարի շարունակ «Ֆորբսը» ճանաչում է աշխարհի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչ: Ինչ ձանձրալի ու տաղտուկ գործ է կանցլերի գործը: Ոչ մի ռոմանտիկա, ոչ մի պոռթկում, գործ-գործ-գործ՝ պետք է ստանձնենք, պետք է պարտավորվենք, պետք է ապահովենք: Բայց նաև՝ մենք-մենք-մենք: Այսինքն՝ իրենք՝ G7-ը, իսկ մենք միանգամից ենք հաջողություն ուզում, պարզվում է՝ ամեն ինչ քայլ-քայլ է լինում, փաստորեն մարշալի կին լինելու համար լեյտենանտի հետ ամուսնանալու անեկդոտը ճիշտ է:



Դիտվել է՝ 1225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ